ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։


                       ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային....
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում...

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Ամպրոպից հետո

 

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը եւ դու
Հասկանալի եք լինում ավելի...

 

Ժայռից մասուր է կաթում

 

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշունըէ, ուշ է:

 

Պապը

 

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է